Միշտ սիրել եմ քաղաքային պեյզաժը: Դա սինթեզ է, որ հնարավորություն է տալիս քո միջով անցկացնել քաղաքն ու պատկերել այն ոչ թե այնպիսին, ինչպիսին կա, այլ ավելացնել մի քիչ քեզնից, քաղաքային քո պատկերացումներից ու ընկալումներից: Գյումրիում եմ մեծացել, հետո տեղափոխվել Երևան:
Առհասարակ քաղաքը ինքնակարգավորվող օրգան է ու վերջին շրջանում մեր քաղաքը չի հասցնում ձևափոխվել ու վերափոխվել այն տեմպին համընթաց, որով նրան փոխում են: Արդյունքում, այս ամենի մեջ պիտի կարողանաս գտնել քո՛ լարման կետերը: Դրանք այն կետերն են, որոնք հուզում են քեզ, անգամ կոնկրետ տեղանքի չեն վերաբերվում, ավելի շատ մոտեցման ու մարդկային զգացողությունների դրսևորում են: Իմ կարծիքով՝ հենց այստեղից է սկսվում ժամանակակից, ոչ էժան ու ռեալ քաղաքային նկարը՝ քաղաքանկարը:
Երևանյան պեյզաժներ անելիս ես քննադատության խնդիր չունեմ: Չեմ ուզում ասել՝ ինչն է լավ կամ վատ, ավելի շատ շեշտը դնում եմ նրա վրա, ինչ ունենք, փորձում եմ դրա մեջ մատուցել լավը: Բացի լարման կետերից օգտագործում են նաև միստիկ` քաղաքային առեղծվածը նկարագրող կետերը: Այս ամենը ջրաներկով նկարելը բավականին բարդ է ու պահանջում է մաքսիմալ ունակություններ, բայց իմ առաջ խնդիր եմ դրել՝ ստեղծել ժամանակակից քաղաքային նկար՝ սիթի սքեյփ: Այս ժանրն աշխարհում բավականին ընդունված է, մեզ մոտ` դեռ առանձնապես տարածված չէ:
Նախ` սովորական ֆոտոխցիկով տարբեր կադրեր եմ անում: Հետո փորձում եմ դրանց նայելով վերհիշել այն զգացումները, որ վերապրել եմ: Հնարավոր է շաբաթներ ու նույնիսկ ամիսներ անցնեն, մինչև լուսանկարումից հետո ծնվի գործը: Երբեմն նաև ջրաներկերովս դուրս եմ գալիս քաղաք ու հենց տեղում մի բան եմ նկարում: Այս դեպքում ավելի շատ ազատություն ունեմ, պահի զգացումը շատ ավելի է երևում այդ նկարներում: Այնպես չէ, որ տեղում նկարելիս միայն փաստագրում եմ այն, ինչ տեսնում եմ, փորձում եմ փոխանցել նաև զգացմունքը, տվյալ վայրի իմ վերլուծությունը: